Հարցումների համաձայն՝ ռուսաստանցիների 50%-ը վերջին մեկ տարվա ընթացքում ոչ մի գիրք չի կարդացել, իսկ 60%-ը՝ չի գնել ոչ մի գիրք: Եթե 1970-ականներին երեխաների հետ ընտանիքում գիրք էր կարդում բնակչության 80%-ը, ապա հիմա՝ 7%-ը: Այդ տեղեկատվությունը տրամադրվել է «Գիրքը և ընթերցանությունը՝ ՌԴ-ում մշակութային տարածման գործոն» կլոր սեղանի ժամանակ, որն անցյալ շաբաթ կազմակերպել էր Պետդումայի մշակութային կոմիտեն:
ՌԴ-ում երկու տարվա ընթացքում փակվել են հազարից ավելի գրախանութներ: Արդյունքում՝ 143 միլիոնանոց բնակչությանը բաժին է ընկնում ոչ ավելի, քան՝ 1500 գրախանութ, այսինքն՝ 100 հազար մարդուն՝ մեկ գրախանութ: Համեմատության համար նշենք, որ Ֆրանսիայում մոտ 65 միլիոնանոց բնակչությանը բաժին է ընկնում 3500 գրախանութ: Շարունակվում է կրճատվել նաև քաղաքային գրադարանների թիվը: 2012թ. վերջին դրանց թիվը հասել է 39969-ի, մինչդեռ 2002 թվականին՝ 48697 էր: Տասը տարվա ընթացքում գրադարանների թիվը կրճատվել է 18%-ով: Սրա հետ մեկտեղ՝ ՌԴ-ն համարվում է աշխարհի ամենաընթերցասեր երկրներից մեկը: Նշված ցուցակում նա զբաղեցնում է 7-րդ տեղը, իսկ մանկական ընթերցասիրության տարածվածությամբ՝ 2-րդ տեղը: ՌԴ-ում հրատարակվում են շատ գրքեր: Միայն 2013 թ. հրատարակվել է 120512 անուն գիրք և բրոշյուր՝ 541, 7 մլն տպաքանակով: Երկրի յուրաքանչյուր բնակչին այդ կտրվածքով բաժին է ընկնում շուրջ չորս նոր գիրք: